Երևանի պետական համալսարանում օրերս տեղի ունեցավ Հայ առաքելական սուրբ եկեղեցու ՈՒրուգվայի հայոց թեմի առաջնորդ տեր Յակուբ արքեպիսկոպոս Գլնճեանի «Հաւատի եւ բանականութեան հետքերով» և «Մարտին Լութեր: Մի բարեպաշտ վանականի ըմբոստութիւնը» գրքերի շնորհանդեսը: Գրքերը հրատարակվել են «Անահիտ» հրատարակչությունում` Գրիգոր Մովսիսյան և Նաիրա Կարապետյան ամուսինների մեկենասությամբ:
ԵՊՀ ռեկտոր ԱՐԱՄ ՍԻՄՈՆՅԱՆՆ իր խոսքում նշեց, որ տեր Հակոբ արքեպիսկոպոս Գլնճեանը հայտնի է ոչ միայն որպես եկեղեցական բարձր դասի գործիչ, այլև գիտնական, աստվածաբան, ով արժեքավոր աշխատություններ է գրել: «Հաւատի եւ բանականութեան հետքերով» աշխատությունը նվիրվում է Գևորգյան հոգևոր ճեմարանի հիմնադրման 140-ամյակին, «Մարտին Լութեր: Մի բարեպաշտ վանականի ըմբոստութիւնը»` Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի և 1909-1915 թթ. հայկական կոտորածներին զոհ գնացած հեղինակի հարազատների վառ հիշատակին:
Այս աշխատությունների հրատարակումը, ԵՊՀ աստվածաբանության ֆակուլտետի դեկան տ. ԱՆՈՒՇԱՎԱՆ եպիսկոպոս ԺԱՄԿՈՉՅԱՆԻ խոսքով, կարևոր իրադարձութուն է ոչ միայն մեր եկեղեցու, Երևանի պետական համալսարանի, այլև ողջ ակադեմիական և գիտական հանրության համար, որը հետաքրքրված է աստվածաբանական, կրոնագիտական հարցերով ու խնդիրներով. «Աշխատություններում հեղինակը վեր է հանում հավատի ու բանականության փոխհարաբերության հիմնահարցը, որ կենտրոնական տեղ է զբաղեցրել միջնադարյան եկեղեցու աստվածաբանական ու պատմագիտական մտքի շրջանակներում, առավել ուշ շրջաններում դարձել ռեֆորմացիայի պատճառներից մեկը: Ռեֆորմացիայի հիմնադրի կյանքի և գործունեության լուսաբանմանն ու արժևորմանն էլ նվիրված է երկրորդ աշխատությունը: Հեղինակը գիտական անաչառությամբ վերլուծում է Լութերի և լյութերականության կրոնադավանաբանական առանձնահատկությունները, անկախ այն հանգամանքից, որ ինքը հայ եկեղեցու բարձրաստիճան հոգևորական է: Հավատի՞ն, թե՞ բանականությանը պետք է տրվի առաջնությունը: Առաջին գրքում անդրադառնում է այս կենտրոնական հիմնահարցին և հանգում այն հետևությանը, որ հավատն ու բանականությունը չպետք է հակասեն միմյանց, այլ փոխլրացնեն»:
Տեր ՀԱԿՈԲ արքեպիսկոպոս ԳԼՆՃԵԱՆԸ ներկայացրեց իր աշխատությունները` խոսելով մասնավորապես երկրորդ հատորի մասին. «Ինչպես Կարապետ եպիսկոպոս տեր Մկրտչյանն է ասում` թեև Մարտին Լութերը մեծ մարդ է, բայց ինձ ավելի շատ ոգևորում են Մաշտոցն ու նրա գործակիցները: Այդ ձևով սկսեցի շարադրանքս: Բայց ինձ տպավորել են նաև Լութերի գործերի մեջ հանդիպած մի քանի զգայացունց դեպքեր, որոնք փաստում են այդ մարդու մեծությունը»: Տեր Գլնճեանը նշեց, որ Լութերի ավագ դուստրը մեկ տարին չբոլորած մահանում է, երկրորդ աղջիկը մահանում է 13 տարեկանում: Կնքահորը գրած նամակում Լութերն ասում է` երևի դու իմացար, որ իմ ամենասիրելի դուստրը մահացավ, իմ և տիկնոջս սիրտը տխրությամբ է լցված, քանի որ ծնողական գորովի ուժը չի թողնում, որ մենք զսպենք մեր հեծկլտանքը, բայց մենք գոհունակություն ունեք, որ նա փոխադրվեց դեպի մյուս կյանք, որովհետև փրկվեց այս աշխարհից, մարմնի իշխանությունից, բռնությունից, սատանայից և թուրքից: «Հետաքրքրական է` Լութերը թուրքին ու սատանային դնում է միևնույն գծի վրա, ինչպես մի տեղ ասում է` թուրքերը Աստծու պատուհաս են, ու երբ թուրքի դեմ եք պայքարում, մի կարծեք, թե մարդու դեմ եք պայքարում, այլ ուղղակի դևերի: Շատ կարևոր է դա, որովհետև ամբոջ Եվրոպան մուսուլման կդառնար և թուրքերի ձեռքը կանցներ, եթե նրանց առաջխաղացումը չկասեցվեր»,- ընդգծեց տեր Գլնճեանը:
«Անահիտ» հրատարակչության տնօրեն, սույն աշխատությունների խմբագիր ԱՐՏԱԿ ՈՍԿԱՆՅԱՆՆ ասաց, որ ինքն իրեն խմբագիր չի համարում, այլ ընթերցող և բարեխղճությամբ գրքի հետ վարվող: Նրա բնորոշմամբ` առաջին գիրքը քարոզների մեծ ժողովածու է. «Գիրքն ընթերցելիս ուշադրությունդ բևեռվում է ոչ թե սրբազանի վրա, այլ Խաչյալի: Այս գրքի ամենամեծ առանձնահատկությունը դա է` կարդալիս չես ասում` ինչ լավ է գրել, զգում ես, որ Քրիստոսի հետ ես»:
«Մի՞թէ ճրագը բերւում է, որ կաթսայի կամ մահճի տակ դրուի: Չէ՞ որ աշտանակի վրայ է դրւում,- մեկենաս ԳՐԻԳՈՐ ՄՈՎՍԻՍՅԱՆԸ մեջբերեց Տիրոջ այս խոսքերը, նրա բնորոշմամբ` այս աշխատությունները երկու հրաշալի ճրագներ են, որ վառվել են Տեր Գլնճեանի գրչից:- ՈՒրախ եմ, որ Արտակ Ոսկանյանի հետ կարողացել ենք օգնել այդ երկու ճրագները դնելու ավելի բարձր աշտարակի վրա»:
Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ